Ուկրաինան պետք է «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման պատճառով էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուրներ գտնի: Այս մասին Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններից հետո Կիեւում ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է eurointegration.com.ua-ն:
«Նախագահ Թրամփի անհանգստությունը կայանում է նրանում, թե ինչու եք դուք՝ Եվրոպա, ավելի շատ ձեզ կապում ռուսական էներգառեսուրսներին:
Ուկրաինայի եւ այլ երկրների ճանապարհը՝ բնական գազի ռեսուրսների եւ այլընտրանքային աղբյուրների որոնումն է: Եթե կառուցվի «Հյուսիսային հոսք-2»-ը, Ուկրաինան կհայտնվի վտանգի տակ, որ նույնիսկ եթե Ռուսաստանը պարտավորություններ ստանձնի, ապա բավարար ծավալով գազ չի մատակարարի», - ասել է Բոլթոնը:
Մասնավորապես, նա խորհուրդ է տվել ԵՄ երկրներին ընդլայնել Միջերկրական ծովում գազի արդյունահանման հնարավորությունները, հիշել է «Հարավային գազային միջանցքի» կառուցման, իսկ Ուկրաինային խորհուրդ է տվել զարգացնել էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուրները եւ գազի սեփական արդյունահանումը:





























