2008 թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր

հանձնաժողովի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած զեկույցը ոչնչով չի տարբերվում դատախազության կազմած մեղադրական եզրակացություններից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: «Այդ զեկույցը նման է հանրապետայան դատախազության կազմած մեղադրական եզրակացություններին, եւ ես կարծում եմ, որ այդ մեղադրականները միացրել եւ մի զեկույց են գրել»,- նշեց Սաֆարյանը՝ նկատելով. «Առավոտյան դեպքերի համաչափությունն ու իրավաչափությունը տալու ժամանակ հարց չկար այսպես հանձնաժողովներ ստեղծել, փաստահավաքներ ստեղծել, մեզ էլ գործից կտրել»:

Սաֆարյանը նաեւ նշեց, որ իշխանությունները ուղիղ մեկ ամիս ժողովրդին պատրաստեցին այդ մեղադրականին: Ըստ Փաստահավաք խմբի նախկին անդամի՝ զեկույցում նաեւ լուրջ փաստական աղավաղումներ կան: «Դե եթե մեր մոտ ըդնունում են, որ ընտրությունները կեղծիքներով են անցել, բայց դրանք ելքի վրա չեն ազդել, նույն ձեւով էլ դա են արել, ճիշտ է՝ 10 մարդ է սպանվել, ճիշտ է՝ բաճկոնների կեսը կորել է, բայց…»:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ երեկոյան արդեն հրազեն կիարռեց, ինչի արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Առ այսօր սպանությունները չեն բացահայտվել: Իսկ երեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե մարտի 1-ի մեղավորը ընդդիմությունն է: