Աֆրիկյան երկրներից ժամանած միգրանտները, որոնք հինգ օր է գտնվում են Diciotti նավի վրա Քաթանիա քաղաքի նավահանգստում, ափ են իջել։ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությանը, հայտնում է, որ նավը լքել են 137 մարդ։
Գործակալության տվյալներով՝ բոլոր նրանք տեղափոխվել են Մեսինայի իդենտիֆիկացիոն կենտրոն։ Նրանց մեծամասնությունը այնուհետեւ կտեղավորվի եկեղեցական կազմակերպություններում, ինչպես նաեւ կտեղափոխվեն Ալբանիա եւ Իռլանդիա, որոնք նրանց ընդունման համաձայնություն են տվել։ Ավելի վաղ 27 անչափահասների ու 16 չափահասների թույլատրվել էր ափ իջնել, քանի որ նրանց անհապաղ բժշկական օգնություն էր անհրաժեշտ։
Ավելի քան 170 միգրանտ է փրկվել օգոստոսի 15-ին Միջերկրական ծովում եւ տեղափոխվել Diciotti նավ։ Իտալիան սկզբում թույլ չի տվել նավի մուտքը, ապա թույլ տալով մտնել Քաթանիայի նավահանգիստ, թույլ չի տվել ափ իջնել՝ պնդելով, որ միգրանտները բաշխվեն եվրոպական երկրներով։ Եվրոպական երկրների մեծ մասը Հռոմին մերժել են այդ հարցում, իսկ Բրյուսելում արտահերթ հանդիպումը որեւէ արդյունք չի տվել։ Իտալիան սպառնացել է կրճատել ԵՄ բյուջե կատարվող վճարները։





























