Սիրիան արեւմտյան երկրների ագրեսիայի դեպքում կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին հինգշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մուալլեմի խոսքով, Սիրիան գտնվում է հանրապետությունում անվտանգության եւ կայունության վերականգնման վերջնական փուլում: «Մենք այժմ բոլորս ակտիվորեն մտածում ենք մեր երկիրը վերականգնելու ծրագրերի մասին, տվյալ դեպքում Ռուսաստանին առաջնահերթություն է տրվելու», - ասել է Մուալլեմը: «Մենք չենք մոռանա այդ հարցում խոչընդոտող երկրներին: Երբ մեր զորքերն ազատեցին Գուտան, ԱՄՆ-ն զանգվածային հարձակում իրականացրեց` իբրեւ թե քիմիական զենք օգտագործելու պատրվակով»:
Միեւնույն ժամանակ, արտաքին գործերի նախարարը նշել է, որ Դամասկոսը ամեն ինչ կանի, որպեսզի Իդլիբում գործողության ընթացքում նվազագույնի հասցնի քաղաքացիների վնասը:
«Իդլիբի հետ կապված, մենք մտադրված ենք մինչեւ վերջ գնալ: Մեր գլխավոր նպատակը «Ջեբհաթ Նուսրա» -ի զիյալներնն են: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից, արյունահեղությունից»:
Մուալլեմն ընդգծել է, որ Սիրիան Իդլիբի ազատագրման հարցում մինչեւ վերջ կգնա, անկախ նրանից, թե արդյոք Վաշինգթոնը եւ նրա դաշնակիցները հարված կհասցնեն հանրապետության տարածքով՝ կրկին Դամասկոսին մեղադրելով քիմիական զենք կիրառելու մեջ:





























