Ոչ միայն տանկերի, այլ բոլոր տիպի զինտեխնիկայի տեղաշարժի հետ կապված որևէ մեկի կողմից որևէ խնդիր չի եղել: «Արցախպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՊԲ գեներալ-մայոր, ՀՀ ռազմական տեսուչի նախկին տեղակալ Միքայել Արզումանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել իր արտերով տանկերի տեղաշարժը:
«Նման բան ոչ թե չի եղել, այլ չէր էլ կարող լիներ, քանի որ նախ՝ տարածքը, որտեղով պետք է ապահովվեր տանկերի առաջխաղացումը դեպի մարտական դիրքեր, ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության չէր, այնտեղ արտեր չկային: Ավելին, ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավիճակի մասին տեղյակ էի պահում վարչապետին, քանի որ ի պաշտոնե նա էր հանդիսանում քաղպաշտպանության ղեկավարը, և չի եղել մի դեպք, որ հարց լիներ, ու նա անմիջապես դրականորեն չարձագանքեր: Անգամ այդ օրերին նա անձամբ է այցելել առաջնագիծ, իսկ հրադադարից անմիջապես հետո նրա ցուցումով հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ շինարարական տեխնիկա է տեղափոխվել առաջնագիծ, որպեսզի նոր դիրքերի ամրացման և ինժեներական այլ աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի»,- վստահեցրել է Միքայել Արզումանյանը:
Գեներալ-մայորը դրական է գնահատել 2016 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո առաջնագծում կատարված լայնածավալ աշխատանքները, բայց նաեւ չի թերագնահատում նախորդող 22 տարիներին բանակում արված գործը: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմում հակառակորդի գրանցած որոշ հաջողություններին. «Հիմա կարող եք հարցնել, թե ինչպե՞ս եղավ, որ հակառակորդը 2016թ.-ին կարողացավ գրավել որոշ դիրքեր: Որպես զինվորական՝ կարող եմ հավաստիացնել, որ պատերազմում նախահարձակ կողմի սկզբնական հաջողությունը հիմնականում հիմնավորված է լինում, և այստեղ կարևոր է գնահատել դրան հաջորդած մեր գործողությունների արդյունավետությունը: Մենք ուղիղ իմաստով ոչ մի ռազմավարական հաջողության չհասած թշնամուն ստիպեցինք խաղաղություն խնդրել: Հավատացնում եմ, որ եթե պատերազմական ակտիվ գործողությունները շարունակվեին ևս 3-4 օր, Հայոց բանակի ստորաբաժանումները կազատագրեին մեր պատմական հողերի նոր հատվածներ»:
Վերջում, լրագրողի հարցին ի պատասխան, Միքայել Արզումանյանը վստահեցրել է. չնայած հիմա պահեստազորում է, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում զինվորի կողքին է կանգնելու:
«Անկախ քաղաքական հայացքներից ու մոտեցումներից՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ»,- հայտարարել է գեներալ Միքայել Արզումանյանը:




























