Զոլաքարի պոմպակայանում իրականացվել է վերականգնման աշխատանքների 70, Մարտունու պամպակայանում` 60 տոկոսը: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ այսօր՝ փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում:

Փոխվարչապետին ուղեկցել են մարզպետ Ն. Պողոսյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:

Երկու պոմպակայաններն էլ երկաստիճան են. Սեւանա լճի մակարդակի բարձրացման պատճառով առաջին աստիճանում գտնվող պոմպերին ջրածածկում է սպառնում: Վերականգնումից հետո պոմպակայանները կգործեն ողջ հզորությամբ` ապահովելով անխափան ջրամատակարարում:

Պատասխանատուները փոխվարչապետին հավաստիացրել են, որ չնայած եղանակային խիստ պայմաններին` աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով, եւ ժամանակացույցից շեղումներ չկան: