Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մասիսի քաղաքապետի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և երկարաձգել կալանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։

Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամեն ինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա»,– գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Երեւանում ցուցարարներին ծեծելու փաստով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանը, 30-ամյա Գոռ Խաչատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել:

Հունիսի 2-ին դատարանը որոշել էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:

Հուլիսի 7-ին, սակայն, նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին եւ նրանք կալանավորվել են:

Մասնավորապես, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն)՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: