Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի 2010թ. ընդհանուր կատարողականը կազմել է 101.5 տոկոս. իրականացվել են 10,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 10,7 մլրդ դրամի դիմաց: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 4-ին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Անդրադարձ է եղել նաեւ ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը, ինչը թույլ կտա ծրագրի ընթացքի վերաբերյալ արդյունավետ վերահսկողություն իրականացնել:
Փոխվարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մարզերի` առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար գումարների հատկացման մասին երեկվա որոշմանը, ըստ որի Գեղարքունիքի մարզին տրամադրվելու է 1,1 մլրդ դրամ: Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ նշված գումարները կօգտագործվեն արդյունավետ` նախատեսված ուղղություններով, եւ ակնկալվող արդյունքը տեսանելի կլինի տարվա ընթացքում:
Խորհրդակցությանը ներկայացվել է նաեւ համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Փոխվարչապետն առաջարկել է կատարել համայնքների 2011թ. բյուջեների վերլուծություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ստացվելիք դոտացիան, սեփական եկամուտների իրական բազաներն ու ռեզերվները:





























