6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը տարբերվում էր իր ակտիվությամբ,  բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել այդ նստաշրջանի ընթացքում։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցություն պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

Նա կարեւորեց, որ լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ, որտեղ բոլոր նախաձեռնությունները քննարկվել են լիարժեք.

«6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ խորհրդարանական ձեւաչափը լիարժեք ուժի մեջ մտավ ապրիլի 9-ից եւ մեր երկրում իրողություն դարձավ խորհրդարանը ընտրեց երկրի նախագահ, ԲԴԽ հինգ անդամ, Սահմանադրական դատարանի նախագահ։ Յուրահատուկ էին նաեւ վարչապետի ընտրությունները, եւ կարծում եմ, որ իշխանափոխությունը բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի աճեց։ Քաղաքական կայուն մեծամասնությունը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ  դարձավ փոքրամասնություն»,–նշեց նա՝ հավելելով, որ «ՀՀԿ–ն բացարձակապես չի խոչընդոտելու գործող իշխանությունների աշխատանքներին»։

Պատգամավորը շեշտեց՝ ՀՀԿ–ն իրեն համարում է կառուցողական ընդդիմություն եւ բոլոր նախաձեռնությունները, որոնք կբխեն մեր պետության եւ ժողովրդի շահերից, իրենք կողմ կքվեարկեն։

Հարցին, թե ՀՀԿ–ն երբեւէ մտածե՞լ է, որ սուպերվարչապետական համակարգն ապահովելուն ուղղված վիճահարույց օրենքները կարող են բումերանգի ազդեցություն ունենալ, նա արձագանքեց, որ «դա արել են մեր պետության, մեր երկրի անվտանգության եւ մեր ժողովրդի շահերից ելնելով»։