Այս օրինագիծն իրավական տեսանկյունից լուրջ սպառնալիքներ է պարունակում: Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց նախկին գլխավոր դատախազ, հանրապետական պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
Նա նշեց, որ իբր արտահերթ նիստը չտապալելու համար հանձնաժողովը այս օրինագծին դրական եզրակացություն է տվել, սակայն պայմանով, որ կառավարությունում այն կշտկեն, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր հերթին մտավախություն հայտնեց՝ կապված այն հանգամանքի հետ, որ այս օրինագծով քաղաքացին, որը խոստացել է իր քվեն տալ այս կամ այն քաղաքական ուժին, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նրա կարծիքով՝ սա հակասում է քրեական իրավունքի բուն գաղափարին: «Քրեական իրավունքը թույլ չի տալիս մարդկանց պատասխանատվության ենթարկել իրենց կարծիքի եւ մտադրությունների համար: Խոստումը հավասարեցրել են կաշառք տալուն»,- շեշտեց պատգամավորը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է որոշ հանցագործությունների կատարման դեպքում քրեական պատասխանատվությունը խստացնել: Ընդ որում՝ քրեորեն պատժելի կդառնան որոշ գործողություններ: Մասնավորապես՝ եթե քաղաքացին քվեարկի երրորդ անձանց ներկայությամբ: Դրանից բացի, առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրարշավի ժամանակաշրջանում բարեգործության համար:





























