Քիչ առաջ NEWS.am էին զանգահարել Գյուլբենկյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղակայված «Գլուբուս 2» արտադրական կազմակերպության գյուղմթերքների փոքր շուկայի առեւտրականները եւ ահազանգում էին իրենց դեմ իրականացված  «օպերացիայի» մասին: Ըստ այդմ` վաղ առավոտից իրենց են մոտեցել մեծ թվով ոստիկաններ` Արաբկիր թաղապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ,  եւ փորձել են նրանց հանել շուկայից եւ հայտարարել, թե կատարում են փողոցային առեւտուրն արգելելու  Երեւանի քաղաքապետարանի որոշումը:

Ոստիկանները սկսել են ապամոնտաժել տաղավարները: Նրանց գործողություններին միջամտել է շուկայի տնօրեն Արամ Խաչատրյանը, ինչից հետո առեւտրականները կրկին շարունակել են առեւտրի իրականացումը:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Խաչատրյանը նշել է, որ շուկան գործում է 1999 թվականից` քաղաքապետարանի թույլտվությամբ: դեռեւս Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք շուկայի գործունեության թույլտվությունը երկարաձգվել է 20 տարով:

«Ես ունեմ քաղաքապետարանի օրինական որոշումը, ըստ որի իրավունք ունեմ մինչեւ 2024 թվականը շահագործել  գյուղմթերքների շուկան: Հիմա եկել են Արաբկիրի թաղապետարանի ինչ-որ ներկայացուցիչներ եւ պահանջում են առեւտուրը դադարեցնել, ինչի իրավունքը չունեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը` ցույց տալով համապատասխան փաստաթղթերի մի ողջ տրցակ: Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ քաղաքապետարանի որոշումը չի կարող տարածվել  իրենց վրա, քանի որ իրենք զբաղվում են ոչ թե փողոցային առեւտրի կազմակերպմամբ, այլ օրինական շուկա են:

Ոստիկանները, ում նույնպես շուկայի տնօրենը ցույց է տվել փաստաթղթերի նույն տրցակը, համառել են, ասելով, թե իրենց չեն հետաքրքրում դրանք եւ հայտարարել` «դավայ եղեք ստուց»:

Այս պահին նշված շուկայում իրարանցում է, շուկայի աշխատակիցները վիճաբանությնա մեջ են մտել ոստիկանության ներկայացուցիչների հետ: Չի բացառվում, որ տեղի ունենան ավելի կոշտ գործողություններ: