Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ՀՅԴ-ի խնդիրը կլինի մայրաքաղաքի  ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ից Երեւանի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Հակոբյանը:

Դրա համար, նրա խոսքով, կուսակցությունը պրոֆեսիոնալ թիմ է հավաքել, որի խոստումները եւ նպատակները իրատեսական են՝ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք 4 տարի անց պետք է պատասխանեն իրենց չիրականացված ծրագրերի համար:

 «Սեւ փիարը, որն իրականացվում է գենետիկ հակադաշնակների կողմից, ՀՅԴ-ին հետապնդել է ողջ պատմության ընթացքում: Չնայած դրան մեր հիմնական առավելությունն այլ քաղաքական ուժերի համեմատ 128-ամյա փորձի մեջ  է», -ասել է Հակոբյանը:

Կուսակցությունը, շարունակեց նա, չի խոստանում լուծել Երեւանի խնդիրները սեփական ռեսուրսների կամ ներգրավված օտարեկրյա ներդրումների հաշվին, նրա նպատակը՝ մայրաքաղաքի բյուջեի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելն է:

«Կարեւորը, որ ընտրությունների արդյունքները չհանգեցնեն հանրության բեւեռացմանը, մանավանդ, որ բոլոր քաղաքական ուժերը մտահոգված են Երեւանի խնդիրներով», - եզրափակեց Դավիթ Հակոբյանը:

ՀՅԴ-ից Երեւանի ավագանու անդամի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Սանթրոսյանն, իր հերթին, նկատեց, որ Երեւանը կորցրել է «թամանյանական գաղափարախոսությունը», որի համաձայն, մայրաքաղաքը համահայկական պատմամշակութային կենտրոն է  եւ դրան հարկավոր է վերադառնալ:

«Շարունակելով շրջանները եւ թաղամասերը  Արեւմտյան Հայաստանի շրջանների եւ քաղաքների պատմական անուններով անվանելու ավանդույթը, Երեւանը նաեւ պետք է բաց հարթակ դառնա երիտասարդ կինո եւ թատերասեր գործիչների համար», - նկատեց Սանթրոսյանը:

Նրա խոսքով, ընտրազանգվածը պետք է որոշի, թե որքանով են իրատեսական ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: «Ամենակարեւորը թափանցիկ, արդար ընտրությունների անցկացումն  է, որի արդյունքները բոլորի կողմից ընդունվելու են», - ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: