Ներդրողների համար իրավիճակը պարզ կդառնա խորհրդարանական ընտրություններից հետո: Սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած Հայաստան-Եվրամիություն առեւտրի հարցերով համագործակցության կոմիտեի առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում վերջին քաղաքական իրադարձությունները մեծացրել են   ներդրողների հետաքրքրությունը երկրի նկատմամբ: Ընդ որում ներկա պահին ներդրողները ավելի շատ հետաքրքրած են զբոսաշրջության ոլորտով, մասնավորապես, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսով, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերությամբ եւ ՏՏ-ով:

«Այնուամենայնիվ, ներդրողների համար կարեւոր է կայունությունը: Նրանք պետք է երկրի նպատակների իրական պատկերը տեսնեն, թե ինչ առաջնահերթ ոլորտներ է այն իր համար նշել եւ այս իմաստով առաջիկա խորհրդարանական ընտրությունները առանցքային դեր են խաղում», - ասաց փոխնախարարը: Այդ համատեքստում նա նշեց, որ Հայաստանը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի եւ դրա համար ճանապարհային քարտեզ է մշակվել, որում նշված են առաջիկա քայլերը:

Ինչ վերաբերում է ԵՄ շուկայում հայ ձեռնարկատերերի խնդիրներին, փոխնախարարը նշեց, որ դրանց շրջանում  կարեւորը ենթակառուցվածքների որակն է:

 «Հայկական շուկայի համար գործում է GSP+ ռեժիմ, որը թույլ է տալիս արտոնյալ ռեժիմով արտահանել ավելի քան 6 հազար ապրանքատեսակ, բայց մենք չենք կարող դրանից օգտվել, քանի որ չենք համապատասխանում ԵՄ-ում սահմանված տարբեր չափորոշիչներին», - բացատրեց պաշտոնյան՝ ավելացնելով, որ այս համատեքստում Հայաստանին ծանր աշխատանք է սպասվում:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը ավելացրել է գինու արտահանման ծավալը ԵՄ, իսկ հայկական շուկայում ամենից պահանջվածը ԵՄ-ից ներկրվող մեքենայական սարքավորումներն են: