System of a Down խումբը 2011 թվականի հունիսի 21-ին ելույթ կունենա Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում։ Տեղեկությունը հաղորդում է «Մելնիցա» համերգային գործակալության կայքէջը։ Կայանալիք համերգի մասին տեղեկություն չկա խմբի կայքում։

Ավելի քան հինգ տարի անգործության մատնված System of a Down-ը վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել էր 2010 թվականի նոյեմբերին։ Խումբը հայտարարել էր, որ պատրաստվում է մի շարք համերգներով հանդես գալ Եվրոպայում, սակայն, նշել էր, որ նոր ձայնասկավառակ թողարկելու պլաններ դեռեւս չունի։

Մասնավորապես, System of a Down-ը համերգներ է նախատեսել Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում։

System of a Down խումբը Լոս Անջելեսում հիմնադրվել է 1995 թվականին՝ Հայաստանից մեկնած վոկալիստ Սերժ Թանկյանի, կիթառահար Դարոն Մալաքյանի, բաս-կիթառահար Շավո Օդաջյանի եւ թմբկահար Ջոն Դոլմայանի կողմից։ Ողջ կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 5 ալբոմ, դրանք բոլորն էլ պլատինե են դարձել։ 2006 թվականին System of a Down-ն «մեկնեց» երկարաժամկետ հանգստի, եւ յուրաքանչյուր անդամ զբաղված էր իր նախագծերով։

Անցած տարվա օգոստոսին խմբի սոլիստ Սերժ Թանկյանը համերգով հանդես եկավ Հայաստանում, ինչպես նաեւ մասնակցեց մշակութային միջոցառումների։