ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մտել են Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ֆավորիտների ցուցակի մեջ: Առավել հավանական դափնեկիրների ցուցակը չորեքշաբթի հրապարակել է Time ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը կարող են մրցանակը ստանալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ջանքերի համար, նշում է պարբերականը՝ նրանց որպես «ակնհայտ ֆավորիտներ» նշելով: Մրցանակը ստանալու եւս մեկ հավակնորդ է դարձել ԱՄՆ նախագահը, որի մասնակցությամբ հուլիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին բարձր մակարդակով հանդիպումը ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ: Բրիտանական խոշորագույն բուքմեյքերական գրասենյակ Ladbrokes-ը Թրամփի հաղթանակի հավանականությունը գնահատում է 5/2, ըստ որում՝ Սպիտակ տան տերը կարող է մրցանակին հավասարապես արժանանալ ինչպես անձամբ, այնպես էլ կորեացի առաջնորդների հետ համատեղ, նշում է Time-ը:

Մյուս հավանական դափնեկիրների շարքում ամսագիրը նշում է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որը ստիպված էր Իսպանիայից հեռանալ 2017 թվականին անկախության հանրաքվեից հետո. բուքմեյքերները նրա հնարավորությունը գնահատում են 12-ը մեկին, եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որի հաղթելու հավանականությունն է 16-ը մեկին:

Ֆավորիտների շարքում է նշված նաեւ սաուդցի բլոգեր եւ հասարակական գործիչ Ռաիֆ Բադավին, որը 7-ամյա բանտարկություն է կրում «էլեկտրոնային ալիքներով Իսլամը վիրավորելու համար»:

Ցուցակում ներառված է նաեւ երկու կազմակերպություն՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը եւ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU):