Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան շատ հաջողված էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը՝ բացելով գերմանացի հանրահայտ նկարիչ Հերբերտ Մայերի ցուցահանդեսը, որը նվիրված է Գերմանական միասնության օրվան։

Նրա խոսքերով՝ կանցլեր Անգելա Մերկելի այցը պատմության մեջ Գերմանիայի ղեկավարության առաջին այցն էր Հայաստան։

«Կարծում եմ՝ նա հարմար պահի եկավ, Հայաստանում փոփոխություններից անմիջապես հետո»,- նշեց դեսպանը, ապա հավելեց, որ կողմերը պատրաստվում են զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության ոլորտներում, ինչպես նաեւ՝ զբաղվել միգրացիոն խնդիրներով։

Նրա խոսքերով՝ գերմանական կողմը աշխատում է ԱԳՆ-ի եւ վարչապետի աշխատակազմի հետ, որպեսզի հավաքի բոլոր գաղափարները եւ նոր նախագծերի փաթեթ պատրաստի։

«Չեմ կարող հիմա ներկայացնել բոլոր մանրամասները, բայց սա շատ ամբիցիոզ ծրագիր է։ Եւ, իհարկե, մենք կուզեինք ընդլայնել մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ Տիկին Մերկելը միշտ ժամանում է գերմանական խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ, եւ նրանք շատ ուրախ էին հայ գործընկերների հետ կապեր հաստատելու համար»,- ընդգծեց դեսպանը։

Մատիաս Կիսլերը նշեց, որ հաջողված համագործակցության համար բազմաթիվ նախադրյալներ կան, բայց շատ կարեւոր է որոշել հետագա գործողությունները։ «Անգելա Մերկելը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են՝ քիչ խոսել, շատ աշխատել»,- ասաց նա։