Պեկինն անհիմն է անվանել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մեղադրանքները՝ նրա պնդումները զրպարտանք անվանելով: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Փենսի հայտարարություններն այն մասին, որ Չինաստանը միջամտում է ԱՄՆ ներքին գործերին եւ արտաքին քաղաքականությանը:
Երկրի ԱԳՆ-ից նշել են, որ Չինաստանն ընթանում է խաղաղ զարգացման ճանապարհով եւ պարտավորվում է բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ զարգացնել «խաղաղ գոյակցության հինգ սկզբունքների» եւ մարդկության ընդհանուր ապագայով հանրույթի ստեղծման հիմքի վրա: «Չինաստանը ոչ մի ձեւով չի ձգտի սեփական զարգացմանը այլ երկրների շահերի հաշվին: Մենք, միաժամանակ, պաշտպանում ենք մեր շահերը ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման ոլորտում: Չինաստանը մշտապես հետեւում է մյուսների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, եւ մենք շահագրգռված չենք ԱՄՆ ներքին գործերին եւ ընտրություններին միջամտությամբ: Միջազգային հանրությունն արդեն լավ գիտի, թե ով է առանց ձեւականությունների խախտում ինքնիշխանությունը, միջամտում ներքին գործերին եւ խափանում մյուսների շահերը: Չինաստանի դեմ ցանկացած չարամիտ զրպարտանքն անօգուտ է»:
«Միացյալ Նահանգների նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը հետեւողական է ու հստակ: Մենք ձգտում ենք ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի՝ ոչ կոնֆլիկտային, ոչ առճակատման, փոխհարգանքի եւ փոխշահավետ համագործակցության պայմաններում: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում դադարել Չինաստանին անհիմն մեղադրել ու զրպարտել, վնաս հասցնել Չինաստանի շահերին եւ չին-ամերիկյան կապերին, ինչպես նաեւ կոնկրետ գործողություններ ձեռնարկել չին-ամերիկյան հարաբերությունների ամուր եւ կայուն զարգացումը պահպանելու համար», նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:




























