Սերբիան չի ճանաչում Կոսովոյի հանրապետության անկախությունը: Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դեւիդ Մաքալիսթերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Վուչիչը հավելել է, թե չգիտի՝ այս իրավիճակում «Սերբիայից ինչ են սպասում»:

«Ինչ վերաբերում է միջազգային գործոններին, ես ասացի, որ պատկերացում չունեմ, թե Սերբիայից ինչ են ուզում, բայց Սերբիան Կոսովոյի անկախությունը չի ճանաչի, որքան էլ նրանք դա ցանկանան, նույնիսկ եթե գլխիս մահակներով հարվածեն: Մենք ամեն ինչ կանենք խաղաղությունը պահպանելու համար: Ես երբեք չեմ ընդունի Կոսովոյի անկախությունը, մենք պատրաստ ենք խոսել, եւ միշտ երկխոսությունը պետք է նախընտրել խնդրի այլ լուծումներից, բայց դա միայն սերբերից չի կախված»,- Սերբիայի նախագահի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ հիմա տարածաշրջանում «առկա է որոշ չափով կայունություն», սակայն հայտնի չէ՝ արդյոք դա երկար կտեւի: «Մենք ցանկանում ենք խաղաղությունը պաշտպանել, բայց տանգոյի համար զույգ է հարկավոր»,- հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը: