Օսլոյում Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն անվանել է 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին: Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են Դենիս Մուկվեգեն եւ Նադյա Մուրադը: 2018 թվականին Խաղաղության մրցանակին հավակնել է 217 մարդ եւ 112 կազմակերպություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել էր Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավը (International Campaign to Abolish Nuclear Weapons, ICAN):

2016 թվականին մրցանակը ստացել էր Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը` ստորագրելով հաշտության  պայմանագիր, որը վերջ դրեց երկրում ավելի քան 50 տարի տեւած քաղաքացիական պատերազմին:

XXI դարում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Եվրոպական միությունը (2012 թ.), ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (2009 թ.), ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը (2007 թ.) եւ ամերիկացի քաղաքական գործիչ, իր անվան կենտրոնի հիմնադիր Ջիմմի Քարթերը: 1990 թվականին մրցանակը ստացել է Խորհրդային Միության առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Խաղաղության մրցանակը, ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի, ի տարբերություն իր կտակի համաձայն հաստատված մյուս մրցանակների, տրվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում: Գիտնականն ընդգծել է, որ մրցանակի հանձնման որոշումը պետք է կայացնի հինգ հոգանոց հանձնաժողովը, որը նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը:

Ավանդաբար, կոմիտեի անդամները հիմնականում ակտիվ գործունեությունը թողած Նորվեգիայի քաղաքական գործիչներ եւ նախկին կուսակցական առաջնորդներ են: