The Washington Post պարբերականի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Ֆրեդ Ռայանի կարծիքով՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիին կարող էին «իշխանությունների թողտվությամբ սառնասրտորեն սպանել», հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Մենք քանիցս սաուդյան եւ թուրքական իշխանություններին հարցրել ենք, թե որտեղ է գտնվում Հաշքաջին, սակայն ոչ մի համոզիչ պատասխան չենք ստացել: Դրա փոխարեն, նորությունները, որ հայտնվում են նրա ճակատագրի մասին, ցույց են տալիս, որ նա դարձել է իշխանությունների թողտվությամբ սառնասիրտ սպանության զոհ»,- ասել է նա: Ռայանը հավելել է, որ «անթույլատրելի են լռությունը, մերժումները եւ [քննության] ձգձգումները», եւ պարբերականը «ցանկանում է ճշմարտությունն իմանալ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Հաշքաջին գնացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան փաստաթղթեր ձեւակերպելու, եւ այդ օրից հետո կապ չի հաստատել: Հոկտեմբերի 6-ին Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը դիտարկում է հյուպատոսարանում լրագրողի սպանության վարկածը: Երեքշաբթի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Հալեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հերքել էր Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրողի սպանության մասին տեղեկությունը:

Հաշքաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին: