Թուրքիան պիտի կարողանա բացատրել, թե ինչու հայ-թուրքական կարգավորման մեկ հարցի վերաբերյալ չորս տարբեր դիրքորոշում ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե «Թուրքիան, փորձելով կապել հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները, կարող է ձախողել թե մեկը, թե մյուսը»:

«Մեզ համար հստակ է՝ նաաստորագրված արձանագրություններն այս դրությամբ չեն պարունակում որեւէ նախապայման: Հստակ է, որ արձանագրությունները չպետք է նախապայմաններ պարունակեն որեւէ փուլում, ստորագրման պահին եւս:

Եթե Թուրքիայի իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են իրենց քաղաքականությունը՝ միջազգային հանրության համար ներկայացնելով այլ տեսակետ, Հայաստանի հետ բանակցություններում՝ այլ տեսակետ, ներքին օգտագործման համար մեկ ուրիշը, իսկ Ադրբեջանի համար՝ այլ, ապա կարծում եմ՝ այստեղ խնդիրը Թուրքիայի մեջ է, եւ Թուրքիայի իշխանություններինն է լինելու պրոբլեմը»,- նշեց Զոհրաբյանը եւ մանրամասնեց. «Իրենք պիտի կարենան բացատրել, թե ինչու մեկ հարցի վերաբերյալ իրենք հանդես են գալիս չորս տարբեր դիրքորոշումներով»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հարաբերություների կարգավորումը որքան պետք է Հայաստանին, այդքան էլ պետք է Թուրքիային: «Եւ Թուրքիան ինքն էլ պիտի շահագրռգված լինի բացառապես առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործում»:

Հարցին, եթե մինչեւ հակտեմբերի 14-ը՝ հավաքականների ֆուտբոլային հանդիպումը սահմանները բաց չլինեն, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Սխալ մեկնակետ է վերցված: Ամեն ինչ պետք չէ պրոզաիկացնել: Սա երկարատեւ պրոցես է, եւ սրան պետք է վերաբերվել լուրջ եւ հիմնավոր: Ես շատ եմ կարեւորում, որ նախագահն ասաց, թե գնալու է սփյուռք՝ լսելու գաղթօջախների տեսակետը»: