Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է իր նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «ապացույցների անբավարարության» հիմքով: Խ. Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանի խոսքով, գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Գործարարի պաշտպանները պատրաստվում են այդ խնդրով  դիմել դատարան, իսկ եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի հետեւանքով, մարտիմեկյան դեպքերից հետո նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, որից հետո ներկայացել էր իրավապահներին: Դատարանը Խ. Սուքիասյանի նկատմամբ չէր կիրառել կալանքը որպես խափանման միջոց:

Դրանից մի քանի օր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնել Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Այս ընթացքում Խ. Սուքիասյանից տարբեր ճնշումների միջոցով վերցրեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը:

Ի դեպ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ քրգործը կարճելու որոշումը կայացվել է օրերս, այնինչ ներկայացվել է հոկտեմբերի 19-ի ամսաթվով: