Գյումրիում ավելանում են ավիատոմսարկղերը : «Ավիատոմս վաճառելը այսօր ամենաշահութաբեր բիզնեսի տեսակներից է. շատերը փակում են խանութներն ու այլ վաճառակետեր , փոխարենը բացում ավիատոմսարկղ»,- ասում է «Գորիզոնտ» ավիատոմսարկղի աշխատակից Հայկանուշ Պողոսյանը :
«Օր կա` մի քանի ընտանիքի տոմս ենք վաճառում , նրանց 10 տոկոսն է միայն տուրիզմի նպատակով հեռանում: Այսօր շատ են նաեւ Եվրոպա մեկնողները»,- հայտնում են տոմսերի մեկ ուրիշ վաճառակետից. «Անցած ամսվա ընթացքում միայն 30 տոմս ենք վաճառել»:
Ռիժկովի փողոցում տեղակայված ավիատոմսարկղը շատ է տոմս վաճառել օրինակ մեծահասակների , ասում են `գնում են նաեւ տարեցները, հատկապես տոներից առաջ, եւ առայժմ հայտնի չէ` ետ կգան նրանք, թե՞ ոչ:
Գյումրեցի Քաթրինա Խաչիկյանը մեկնում է փետրվարի փետրվարի 15-ին, Երեվան -Եկատերինբուրգ ուղղությամբ: Նրա հետ հանդիպեցինք հենց ավիատոմսարկղերից մեկում :
«Աշխատանք չլինելու պատճառով հանրապետությունը դատարկվում է»,- բացատրում է մեկ շաբաթ անց քրոջը ճանապարհող եղբայրը. «Արդեն 16 տարի Քաթրինի ամուսինը հացի փող վաստակում է հանրապետությունից դուրս, վերջին մի քանի տարին առհասարակ չի գալիս Հայաստան, միայն գումար է ուղարկում, այսօր արդեն որոշել է մեկնել նաեւ Քաթրինը»:
Հայրենի քաղաքը լքող կինն ասում է, որ եւ տխուր է, եւ ուրախ: Ուրախ է, որ գնում է ամուսնու մոտ, տխուր է, որ թողնում է երեխաներին ու հայրենիքը:
Հնարավորության դեպքում կգնա նաեւ մեր մյուս զրուցակիըց, պատճառը ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է: «Մեր ուզածն ընդամենը այն է , որ կարողանանք հացի փող վաստակել»,- ասում է Հովհաննեսը:




























