Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող տեքստիլի ցուցահանդեսի ժամանակ 1915-ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների թոռները թուրքական տաղավարների այցելուներին են բաժանել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների մասին պատմող բուկլետներ, որի ընթացքում թուրք գործարարների հետ ընդհարում է եղել։

 Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  Բեյրութի ցուցահանդեսի թուրքական տաղավարներ այցելող անձանց մի խումբ հայ երիտասարդներ բուկլետներ են բաժանել, որի մեջ անգլերենով եւ արաբերենով գրված է եղել Թուրքիայի իրագործած հանցանքների մասին։ Թուրք գործարարները փորձել են կանխել բուկլետների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել հայ երիտասարդների հետ։

 Ծեծկռտուքի մասին տեղեկությունը հասել է մինչեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով զինվորականներ եւ ոստիկաններ։  Բեյրութահայ երիտասադների մի մասը հասցրել է հեռանալ ցուցահանդեսից, իսկ մի մասը ձերբակալվել է։

 Ծեծից ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել թուրք գործարար Նուրի Շ.-ն։ Մյուս գործարարները վերադարձել են Ստամբուլ։ Նրանցից մեկը պնդել է, թե իրենք հայերին ոչինչ չեն ասել, երբ նրանք բուկլետներ էին բաժանում, բայց չգիտես ինչու հայ երիտասարդները իրենց թունդ հայհոյանքներ էին հասցնում։