Հեղափոխությունից հետո վերջին ամիսներին Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացել է: Հոկտեմբերի 31-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը` ելույթ ունենալով Էկոնոմիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Նրա խոսքով Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո կառավարության համար առաջնահերթ խնդիր պետք է լինի  ներդրումային գրավչության պահպանումը:

«Գերմանիայի դեսպանությունը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատում է Գերմանիայից Հայաստան ներդրումների խրախուսման ուղղությամբ: Մասնավորապես գերմանական ՏՏ ընկերությունների շատ ներկայացուցիչներ գալիս են Հայաստան: Սակայն պետք է մտածել Հայաստանի արտադրական արդյունաբերությունում գերմանական ներդրումները ներգրավելու մասին»,- ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ 2 տարի առաջ գերմանացի ներդրողները նշանակալի ներդրումներ են կատարել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում:

 «Դա շարունակական բնույթ կկրի, քանի որ այս ոլորտում հնարավորությունները բավականին լայն են», - ասաց Կիսլերը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 525.5 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 3,5 տոկոսով: Միեւնույն ժամանակ, արտասահմանյան ուղղակի ներդրումները 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 75 մլն դոլար՝ տարվա ընթացքում նվազելով 43,5 տոկոսով: