Դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանից հեռանալուց հետո փաստացի կորցրել է աշխատանքը, իրեն դադարել են հասկանալ Մոսկվայի իր երեկվա ընկերները:

Ամեն ինչ փոխվեց 2 տարի առաջ, երբ դերասանի 70-ամյակը մռայլվեց ռուս-վրացական ողբերգական պատերազմով:

Կիկաբիձեն պարբերականին ասել է, որ ռուսերենը հարազատ լեզու է համարում: «Երկու տարի առաջ ես փաստացի կորցրեցի աշխատանքս, քանի որ իմ հիմնական աշխատանքը ռուսական էստրադայում էր: Բանը միայն փողը չէ, այլ նաեւ այն, որ ռուսները, ավելի քան որեւէ մեկը, կարողանում են լսել: Իմ երգացանկի 50 տոկոսը ռուսերեն է: Ինձ համար տհաճ է, բայց ես գիտակցված հրաժարվեցի գալ ձեր երկիր»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությանը, Կիկաբիձեն գոհ է դրանից: «Եթե այցելեք Թբիլիսի, ձեր աչքով կտեսնեք, թե ինչպես մեր փոքրիկ երկիրը օազիս է դարձել, այնինչ Սահակաշվիլիից առաջ այն ուղղակի փլվում էր: Այդ երիտասարդ մարդը մտադիր է Վրաստանը դարձնել քաղաքակիրթ եվրոպական երկիր»,- հայտարարել է նա:

Լրագրողի դիտարկմանը, թե բոլորն են տեսել, թե ինչպես է Սահակաշվիլին ծամում սեփական փողկապը, Կիկաբիձեն պատասխանել է. «Եվ ի՞նչ: Իր փողկապն է, թող ծամի: Ես նույնպես հիմա կվերցնեմ իմ փողկապն ու կծամեմ: Այդպես էլ գրեք. Զրույցի ընթացքում Բուբան ծամում էր իր փողկապը: Գուցե, մարդը նյարդայնանում էր: Բոլորը միանգամիս սկսեցին շահարկել այդ փաստը: Ինչո՞վ է նա պակաս ձեր Պուտինից, ով հոկտեմբերի  վերջին Կիեւ էր ժամանել ձախ աչքի տակ հսկայական կապտուկով: Ինչո՞ւ այդ մասին դուք չեք գրում»,-  նկատել է Վախթանգ Կիկաբիձեն: