Գյումրիում սկիզբ առած ավտովարորդների բողոքի ակցիան, որոնց ոստիկանները շրջափակման մեջ էին առել քաղաքի կենտրոնում, եւ արգելում էին շարժվել,  նոր զարգացումներ է ունենում:

Դեռեւս առավոտյան ժամը 8:00-ին ոստիկանությունը հատուկ գործողությամբ պաշարել էր Գյումրիի դրամատիկական թատրոնը եւ թույլ չէր տալիս այնտեղ հավաքված ավտոմեքենաների վարորդներին տեղաշարժվել, որոնք մտադրված էին ուղեւորվել մայրաքաղաք` կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցին մանակցելու համար:

Վարորդների հետ Գյումրիում պաշարված էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր մեկնել էին Գյումրի վարորդների խնդրանքով:

Այնուամենայնիվ, ժամը 11:00-ին Երեւանում` Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցը տեղի ունեցավ, որի մասնակիցներն էին հիմնականում բացօթյա առեւտրով իրենց օրվա հացը վաստակող մարդիկ եւ անարդարության զոհ դարձած այլ քաղաքացիներ: Ցույցին մասնակցում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը:

Այդ ընթացքում իրավիճակը թեժանում էր Գյումրիում, որտեղ թատրոնին հարող տարածքում, բացի պաշարված մեքենաների վարորդներից հավաքվել էին նաեւ այլ վարորդներ: Ավելի ուշ, վարորդներին միացան նաեւ այլ գյումրեցիներ:  Ժամը 13:30-ին սկսվեց ինքնաբուխ հանրահավաք, որին քիչ անց միացան «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ` կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Հանրահավաքի մասնակից մի քանի հարյուր գյումրեցիները բարձրացրեցին «Գալա» հեռուստաընկերության խնդիրները, որի դեմ այսօր Գյումրիի քաղաքապետարանի հայցով դատավճիռ էր կայացվել: Որոշվել է կազմակերպել երթ դեպի Գյումրիի քաղաքապետարան` ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ մաքսային օրենսգրքի եւ դրա կիրառման հետ նա կապ չունի, իսկ «Գալա» հեռուստաընկերության դեմ իր խոսքերով «գնալու է մինչեւ վերջ»:

Ժամը 16:00-ին երթը վերադարձել է Գյումրու Դրամատիկական թատրոնի հարակից տարածք, որտեղ արդեն շուրջ տասը ժամ ոստիկանության կողմից պաշարված էին մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ իրենց վարորդներով: Առայժմ պաշարման հետեւանքով փակ է Գյումրիի միջպետական նշանակության Սայաթ Նովա պողոտան:

Այս պահին ցույցի մասնակիցներն, ընդդեմ ոստիկանության ապօրինությունների, փակել են Գյումրիի Կիրովի հրապարակը, Սայաթ Նովա պողոտան, մի շարք այլ փողոցներ եւ Խաղաղության օղակի սկզբնամասը:

Հիշեցնենք, որ վարորդներն, արդեն մեկ շաբաթից ավելի տեւող բողոքի գործողություններով, պահանջում են չեղյալ համարել «ժամանակավոր ներմուծման» ռեժիմով, ավտոմեքենաների Հայաստան մտնելու սահմանափակումները եւ փոխել Հայաստան բերված մեքենաների մաքսային արժեքի որոշման թալանչիական պայմանները: