Հռչակավոր ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովն անհամբերությամբ սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը, որը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա փետրվարի 22-ին։
Ինչպես հայտարարեց Վենգերովը փետրվարի 19-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, համերգը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ։ Վենգերովը կղեկավարի նվագախումբը, իսկ եթե հայ հանդիսատեսը խնդրի, նա նաեւ կնվագի։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը խոստովանեց, որ սիրում է հայերին՝ ասելով, որ ինքը հայ բազմաթիվ ընկերներ ունի, ավելին, ինքն իրեն «նվազագույնը մեկ քառորդով հայ է» համարում:
Վենգերովը նաեւ կտրականապես հերքեց լուրերն այն մասին, որ պատրաստվում է ավարտել ջութակահարի իր կարիերան։
Նշենք, որ համերգին կմասնակցի նաեւ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի դափնեկիր, ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Համերգին կհնչեն Ռիմսկի-Կորսակովի եւ Սիբելիուսի լավագույն ստեղծագործությունները։
Մաքսիմ Վենգերովը ժամանակակից ամենայուրօրինակ կատարողներից է։ Նա համագործակցում է լավագույն երաժիշտների հետ եւ արժանացել է Grammy, Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle եւ այլ մրցանակների։ Հայտնի երաժիշտը Երեւան է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։





























