«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր՝ փետրվարի 18-ին Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից պարզել է, որ «Վիշապների կոթող» պուրակի (Գայի պող. թիվ 19/71 հասցեում) բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ կայացել է երկու հանրային լսում:

Հեռախոսազրույցի ընթացքում կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ լսումներից մեկի ժամանակ տրվել է բացասական, մյուսի ժամանակ` դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են տեղի ունեցալ այդ լսումները եւ ովքեր են մասնակցել:

«Հավաստում ենք, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին պուրակին հարակից շենքերի մոտ 60 բնակիչ, Նոր-Նորք համայնքի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին պուրակում հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն ո՛չ համայնքի ղեկավարությունը, ո՛չ կառուցապատողը չհայտնվեցին: Պուրակում էին գտնվում նաեւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Հենց այդ օրը կազմակերպվեց ստորագրահավաք, որին միացան հարակից շենքերի մոտ 200 բնակիչ` դեմ արտահայտվելով կառուցապատմանը: Ստորագրություններն անցած տարվա դեկտեմբերին հանձնվել են Երեւանի քաղաքապետարան:

Այսօր պարզվում է, որ հենց այդ նույն օրը, սակայն մեկ այլ հասցեում (Բաղյան փողոց թիվ 1` «Սասարի» ՍՊԸ-ի շենք), կազմակերպվել է կառուցման աշխատանքային նախագծի հանրային լսում, որին հայտնի չէ, թե ովքեր են մասնակցել: Մյուս հանրային լսումների վերաբերյալ բնապահպանության նախարարության կայքում ոչ մի հայտարարություն տրված չէ, եւ դարձյալ հայտնի չէ` որտեղ եւ երբ է կազմակերպվել այն:

Ո՛չ մեկ, եւ ո՛չ մյուս հանրային լսումները արժանահավատ չեն, քանի որ դրանց մասին ազդակիր համայնքի իրազեկումն օրենքին համապատասխան չի կատարվել, եւ արդեն իսկ ակնհայտ են լսումների կեղծման փորձեր:

Ակնկալում ենք Երեւանի քաղաքապետի միջամտությունը Նոր Նորքի համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու հարցում եւ պահանջում ՀՀ բնապահպանության նախարարությունից ձեռնպահ մնալ սեփական գործառույթների չարաշահմամբ, ապօրինի փաստաթղթերի հիման վրա փորձագիտական եզրակացություն տալուց»,- իր հայտարարության մեջ նշում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: