Երիտասարդ մեքսիկուհի Էսթիբալիս Չավեսը հացադուլ է հայտարարել` արքայազն Ուիլյամի եւ Կեյթ Միդլթոնի հարսանիքի հրավեր ստանալու հույսով:

«Արդյոք կթողնե՞ն մեռնեմ միայն այն բանի համար, որ չեն ուզում ինձ թագավորական հարսանիքի հրավեր տալ»,-  այսպիսի գրությամբ թղթիկ է փակցված 19-ամյա Էսթիբալիսի վրանին, որը գտնվում է  Մեխիկոյում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հարեւանությամբ: Reuters-ի փոխանցմամբ`աղջիկն արդեն ութ օր է, ինչ բնակվում է բրիտանական դեսպանատան դարպասների մոտ խփված վրանում:

Ինչպես պարզվել է, աղջկա նման արարքի պատճառն ամենեւին էլ արքայազն Ուիլյամի նկատմամբ սերը չէ: Չավեսն ասել է, որ սա հարգանքի տուրք է նրա մոր` Դիանայի հիշատակին, ում համարում է պատմության մեջ ամենագեղեցիկ եւ ամենալավ կինը:

Նշենք, որ արքայազն Ուիլյամի եւ Կեյթ Միդլթոնի հարսանիքը նշանակված է ապրիլի 29-ին եւ տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում: