Մատենադարանին հարակից տարածքում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսօր` փետրվարի 19-ին տոնում էր միանգամից մի քանի տոն` իր հիմնադրման առաջին տարեդարձը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման երեք տարին եւ Հայոց պետականության 20-ամյակը:
Կեսօրից ոստիկանությունը փակել էր Երեւանի կենտրոնում գտնվող Կորյուն փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատման հատվածը, որտեղ շարված էին մարզերից եկած մի քանի տասնյակ ավտոբուսներ: Դրանցով հանրապետության գրեթե բոլոր մարզերից մայրաքաղաք էին բերվել կազմակերպության տարածքաին կառույցների ներկայացուցիչ տասնյակ երիտասարդներ: Նկատենք, որ նրանց մեծ մասն անգամ չգիտեր, թե ինչ միջոցառման է մասնակցելու:
Կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակներից ժամանած անդամները, դրոշները ձեռքներին երթով անցան Մատենադարանին կից հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ սկսեցին շուրջ 15 րոպե «Քոչարի» պարել եւ այսպիսով տրամաբանական վախճանին հասցնել միջոցառումը:
Նշենք, որ «Հայոց արծիվներ»-ը ղեկավարում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ով, ինչպես միշտ, բոցաշունչ ելույթ ունեցավ իր ղեկավարած կազմակերպության առաքելության մասին:





























