Վերլուծաբան Արծրում Պեպանյանը հայտարարում է, որ ինքը հեղափոխության կոչեր չի հնչեցրել, ինչպես թյուրիմացաբար նշել էին որոշ լրատվամիջոցներ:

Ա. Պեպանյանը, ով նաեւ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարն է, այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ասուլիսում իմ կողմից քննարկվել է քաղաքական զարգացումների երկու հնարավոր տարբերակ` դասական հեղափոխությունը, որով կամենում է ընթանալ հայաստանյան ընդդիմությունը, եւ պահպանողական հեղափոխությունը, որի դեպքում հանրության էլիտալի կողմից մշակվում եւ կիրառման մեջ է դրվում իրավիճակը բարվոքելու ունակ, ցնցումների հավանականությունը  հնարավորինս նվազեցնող, յուրահատուկ համակարգ: Իմ կողմից ներկայացվել է դասական հեղափոխության աննպատակահարմարությունը եւ վտանգավորությունը ներկայիս ներքաղաքական եւ  աշխարհաքաղաքական իրավիճակում ու առաջարկ է արվել խորհել մյուս տարբերակի շուրջ: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ թյուրըմբռնման հետեւանքով հանդիպումն այնպես են ներկայացրել, թե իբր ես ոչ միայն դասական հեղափոխության կողմնակից եմ, այլեւ թե իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր եմ արել: Դա այն դեպքում, երբ նույն քննարկման ժամանակ զգուշացրել եմ փողոցի միջոցով եկող հեղափոխությունից:

2007 թվականից սկսած, երբ հրատարակեցի «Պահպանողական հեղափոխություն» գիրքը, ինքս զբաղվում եմ հանրային գիտակցության փոփոխության այդ մեխանիզմի մշակմամբ, գտնելով, որ մեր քաղաքական դաշտը դեռեւս հեռու է իրավիճակի լուծման բանալին գտնելուց: Ինքս էլ դեռեւս չունեմ լուծման բանալին, այնպես, որ լրիվ անիմաստ կլիներ իմ կողմից կոչեր հնչեցնելը»: