Ամերիկյան կոնգրեսի երկու պալատներում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ղեկավարները հայտարարել են, որ հունվարին կքվեարկեն հօգուտ երկրի դաշնային կառավարության աշխատանքի վերսկսման, եթե «շաթդաունը» շարունակվի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով դեմոկրատների առաջնորդների համատեղ հայտարարությանը։

«Եթե նախագահ Թրամփը (Դոնալդ) եւ հանրապետականները որոշեն շարունակել Թրամփի այս «շաթդաունը», նոր դեմոկրատական մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում կընդունի օրինագիծ հունվարին կառավարության աշխատանքի վերսկսման վերաբերյալ»,- ասվում է Կոնգրեսի Վերին պալատի եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդներ Չաք Շումերի եւ Նենսի Փելոսիի հայտարարությունում։

Դեմոկրատների կարծիքով՝ «ամերիկյան ժողովրդի առջեւ իր պարտականությունը կատարելու փոխարեն նախագահ Թրամփը հիստերիկա է բարձրացրել եւ համոզել Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին երկիրը հասցնել «Թրամփի սնանկացնող շաթդաունի» հենց տոների մեջտեղում»։ «Նախագահ Թրամփն ավելի քան 24 անգամ ասել է, որ ուզում է «շաթդաուն, հիմա ստացել է այն, ինչ ուզում էր»,- նշել են Կոնգրեսում կուսակցությունների առաջնորդները։

Կեսգիշերին ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը կրճատել է աշխատանքը բյուջեի բացակայության պատճառով, ինչը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատների միջեւ սահմանային անվտանգության հարցում առկա դիմակայությամբ։ Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ դաշնային կառավարության «փակումը» երկար չի տեւի եւ պահանջել էր, որպեսզի դեմոկրատները քվեարկեն սահմանի ամրապնդման օգտին։