ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հարցը, դարձել է «աղետալի» իրադարձությունների պատճառ, նշված է Washington Post-ում հրապարակված հոդվածում:

Անցած չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր Սիրիայում ԻՊ-ին հաղթելու մասին՝ նշելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը արաբական հանրապետությունում ամերիկյան զինվորկանների մնալու միակ պատճառն էր: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պարզաբանել էր, որ ԱՄՆ-ն սկսում է Սիրիայից զորքերի դուրսբերումը, բայց դա չի նշանակում ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի լուծարում:

Էրդողանը հայտարարել էր, որ Թրամփը Սիրիայից զորքերի դուրսբերման որոշումն ընդունել է իր հետ զրույցից հետո, Սպիտակ տունը սա հերքել էր:

Washington Post-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին կայացած երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը, ինչպես նախկինում, հարցրել է, թե ինչու է ԱՄՆ-ն շարունակում զենք մատակարարել սիրիացի քրդերին եւ նրանց աջակցում՝ այն դեպքում, որ Թրամփն ինքն է նախկինում արդեն հայտարարել ահաբեկիչների դեմ հաղթանակի մասին:

«Գիտեք ի՞նչ: Այն (Սիրիան) ձերն է: Ես հեռանում եմ»,- պարբերականի տեղեկություններով՝ ի պատասխան ասել է Թրամփը:

WP-ն նշում է, որ «հեռախոսային այս զրույցը Թրամփի իշխանավարման տարիներին նույնիսկ Վաշինգթոնի չափանիշներով աղետալի իրադարձությունների պատճառ է դարձել»: Այսպես, ըստ պարբերականի տեղեկությունների, հենց այս զրույցից հետո է Մեթիսը հրաժարական տվել, ում անձամբ նախագահն ավելի վաղ մի քանի ամիս ժամանակ էր տրամադրել՝ Սիրիայի հարցով որոշում պատրաստելու համար:

Պարբերականի տեղեկություններով՝ Սիրիայից զորքերի դուրսբերման որոշումը հակասկան արձագանքի է արժանացել: Փոքրաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ որոշումը Թրամփի խոստումն է, որը նա կատարում է, սակայն Կոնգրեսի անդամների մեծամասնության համար այն դարձել է իսկական «աղետ» եւ «կապիտուլյացիա սիրիական հողում երկու տերությունների՝ Ռուսաստանի եւ Իրանի առաջ»:».

Ըստ Washington Post-ի տեղեկությունների՝ Մեթիսը եւ այլ խորհրդականներ փորձել են Թրամփին տարհամոզել, որ հրաժարվի Սիրիայից զորքերը դուրս բերել, սակայն նա հայտարարել է, որ այնտեղ գտնվելը «մի ամբողջ կարողություն» արժե, եւ հարց է տվել՝ դա ինչո՞ւ է պետք եւ ԱՄՆ-ն ի՞նչ է ստանում դրանից: Պարբերականը հայտնում է, որ Մեթիսը 45 րոպե զրուցել է Թրամփի հետ, նրանք քննարկել են խաղաղության վերաբերյալ իրենց տարբեր տեսակետները եւ այն, թե ինչպես պետք է վարվել դաշնակիցների ու գործընկերների հետ: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Թրամփն արժանի է այն նախարարին, ում տեսակետները մոտ են նրա սեփական տեսակետներին: Նշվում է, որ զրույցից հետո նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել, եւ ամեն ինչ դրանով ավարտվել է:

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԻՊ դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը նույնպես հրաժարական է տալիս Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ անհամաձայնության պատճառով:

Շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում ԻՊ ահաբեկչական կազմակերպության մնացորդներով կարող են զբաղվել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Թուրքիան: