ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչակազմը (TSA) որոշել է օդային մարշալների դաշնային ծառայության հատուկ գործակալներին, որոնք քաղաքացիական չվերթներում են գտնվում ուղեւորների պաշտպանության համար (FAMS), նստեցնել օդանավերի պոչամասում, նրանք նախկինում մշտապես գտնվել են առջեւի մասում, հայտնում է ABC-ն:

Նոր փոփոխությունները սկսելու են գործել դեկտեմբերի 28-ին:

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ այս միջոցառումը օդային մարշալներին թույլ կտա, որոնք խառնվում են սովորական ուղեւորներին եւ շարքային ճանապարհորդներից ոչ մի բանով չեն տարբերվում, կասկած հարուցող մարդկանց ավելի ուշադիր հետեւել եւ հետագայում կանխել հնարավոր հարձակումը:

TSA-ի մամուլի քարտուղար Ջեննի Բերկը հեռուստաալիքին հայտնել է, որ վարչակազմը «ձգտելով հակազդել ավիացիոն անվտանգության համար առաջացող սպառնալիքներին՝ շարունակում է օպտիմալացնել դրա ապահովումը թռիչքի ժամանակ»: Նրա խոսքով՝ օդային մարշալների ուսուցումը եւ մարտավարությունը պարբերաբար վերանայվում ու թարմացվում են՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա: