Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում փետրվարի 19-ին տեղի է ունեցել թեմական խորհրդի նիստ, որտեղ քննության են առնվել ինչպես Ս. Զատկին ու Ցեղասպանության զոհերի հիշատակության օրը, այնպես էլ Արցախի Հանրապետության 20-ամյակի հոբելյանին Եկեղեցու եւ պետության համատեղ միջոցառումների ծրագրերը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան Մարտիրոսյանը, թեմական խորհրդի կազմում ընդգրկված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, ինչպես նաեւ հոգեւորականներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ:

Խորհրդի նիստում ամփոփվել են նաեւ Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակի տոնակատարությունների ծիրում կայացած միջոցառումների արդյունքները:

Լայն ուշադրության են արժանացել Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները, որոնց շարունակական ամրապնդումը Արցախի նախագահ Բակո Սահակյանը  կարեւորել է իբրեւ հասարակության ներդաշնակ զարգացման հիմքերից մեկը: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակ եւ Եկեղեցի կապերի ամրապնդման խնդրին: