ԱՄՆ-ի Կոնգրեսին հնարավոր է  չհաջողվի այս տարի կարգավորել բյուջեի վերաբերյալ տարաձայնությունները:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի եւ բյուջեի վարչության ղեկավար Միք Մալվեյնին:

Նա կարծում է, որ առաջիկա օրերին դեպքերը շատ արագ չեն զարգանա, ուստի հնարավոր է, որ դաշնային կառավարության աշխատանքի կասեցումը շարունակվի դեկտեմբերի 28-ից հետո՝ մինչեւ նոր գումարման Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը:

Նախատեսվում է, որ բյուջեի բանակցությունները Վաշինգթոնում կշարունակվեն դեկտեմբերի 27-ին, իսկ հունվարի 3-ին Կոնգրեսը նոր կազմով կհավաքվի: Որոշ պետական մարմինների աշխատանքը կասեցվել է մինչեւ բյուջեն հաստատվի, գրում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ բյուջեի քննարկման տարաձայնություններն առաջացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար հինգ միլիարդ դոլար հատկացնելու պահանջի պատճառով: Պատի կառուցման համար Թրամփը նույնիսկ պատրաստ է կասեցնել կառավարության աշխատանքը: Կիրակի  Սպիտակ տան ղեկավարը կրկին հայտարարել էր, որ այս նախագծին  այլընտրանք չի տեսնում, որը նախատեսված է ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը: