Թուրքիան աշխատում է այլ երկրների հետ՝ մտադրված լինելով սաուդցի ընդդիմադիր լրագրող  Ջամալ Խաշոգջիի սպանության հարցը ներառել ՄԱԿ օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Խաշոգջին, որը թղթակցել է ամերիկյան Washington Post թերթին եւ 2017 թվականից ի վեր ապրում է ԱՄՆ–ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել է այն բանից հետո, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն։

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են հյուպատոսության հաղորդագրությունը այն մասին, որ նախնական տեղեկություններով՝ Խաշոգջին մահացել է, եւ նրա մահված պատճառ է դարձել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճը։ Սաուդյան Արաբիայի թագավորը ազատել է երկրի Ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ աս Ասիրիին եւ թագաժառանգի խորհրդական Սաուդ ալ Քահթանին։

«Թուրքիան շարունակում է սպանության համակողմանի քննություն իրականացնել։ Մի քանի այլ երկրների հետ համատեղ մենք շարունակում ենք աշխատանքը այդ հարցը ՄԱԿ օրակարգում ներառելու համար»,–ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

Նա հավելել է, որ Անկարան սպասում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիայի եւ համաշխարհային հանրության հետ կիսվեն երկրում անցկացված հետաքննության արդյունքներով։