Դեկտեմբերի 19-20-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
Նիստը հայկական կողմից համանախագահել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, չեխական կողմից՝ Չեխիայի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Հայկական կողմից պատվիրակության կազմում էին նաեւ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը եւ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ովքեր երկկողմ հանդիպումներ են ունեցել ոլորտային նախարարություններում։
Մանե Ադամյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի աշխատանքները թափանցիկ եւ մրցակցային գործարար միջավայր ապահովելու, ինչպես նաեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության ուղղություններով, մատնանշել Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություններով պայմանավորված տնտեսական բարեփոխումները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Բարտլը խոստացել է չեխական մասնավոր հատվածին տեղեկացնել Հայաստանի ընձեռած գործարար եւ ներդրումային հնարավորությունների մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առեւտրատնտեսական կապերի խորացման եւ դիվերսիֆիկացման նպատակով: Մասնավորապես` քննարկվել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Հայկական կողմը առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում եւ Մերձավանում արեւային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը: Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման եւ պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաեւ հակակարկտային համակարգերի արտադրության եւ կիրառման չեխական փորձը:
Նիստի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների ներուժը բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիայի ոլորտներում։ Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա եւ կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հնարավոր մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով: Համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության եւ Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարարությունների միջեւ ոլորտային համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի տեքստերը, որոնք կստորագրվեն կողմերի ներքին ընթացակարգերով հաստատվելուց հետո:
Նիստի ընթացքում կողմերը ողջունել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված հաջողությունները եւ պատրաստակամություն հայտնել խորացնելու հայ-չեխական երկկողմ հարաբերությունները Արեւելյան գործընկերության շրջանակներում։
Միջկառավարական նիստին զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել տարբեր ոլորտների հայ եւ չեխ գործարարների հետ՝ Հայաստանում հնարավոր ներդումների ներգրավման եւ հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի հիմնման նպատակով։ Հայկական պատվիարկության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան` աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։
«Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերին Երեւանում, երկրորդը՝ 2016թ. ապրիլին Պրահայում, իսկ երրորդը՝ 2017թ. սեպտեմբերին Երեւանում:


























