Մի քանի օրից կգա Նոր տարին՝ աշխարհի ժողովուրդների օրացուցային տոներից գլխավորը։ Հայաստանում դա սիրելի տոներից մեկն է, որին բոլորը ձգտում են հիմնավորապես պատրաստվել։ Չէ՞ որ այդպիսի բան կա՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես։

Տոնն առանց մսի, բնականաբար, չի լինում։ Ասենք, Հայաստանի բնակիչների համար ամանորյա սեղանին թփով տոլման ավանդական ուտեստ է։ Հիմնական բաղադրիչը տավարի միսն է։ Սակայն դրա գներն անշեղորեն աճում են։

Եթե որպես հիմք ընդունենք 2016թ․ դեկտեմբերը, ապա ընթացիկ տարվա նոյեմբերին տավարի խոզի եւ ոչխարի մսերը թանկացել են ավելի քան 1,3 անգամ։ Այսինքն, ոչ լրիվ երկու տարում մեր հասարակության չապահովված շերտերի համար մսի հասանելիությունը աղետալի վատացել է։ Գուցե բնակչության եկամուտները համապատասխանաբար աճե՞լ են։

Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերին ամսական միջին նոմինալ աշխատավարձն աճել է տարեկան կտրվածքով 4,6 տոկոսով եւ գերազանցել է արժեզրկումը 2,8 տոկոսային կետով։ Ճիշտ է, շատ քաղաքացիներ այս թվերին չեն վստահում։ Սակայն նույնիսկ այսպիսի «դրական» վիճակագրության պայմաններում մսի գնի բարձրացումն է բազմիցս որոշել աշխատավարձի աճը։

Եկամուտների մյուս հզոր աղբյուրը՝ Ռուսաստանից տրանսֆերտները (դրամական օգնությունը) վերջին ամիսներին վատացման միտում են արձանագրում։ Հավելենք, որ ԱՄՆ դոլարի կուրսը Ռուսաստանում (միաժամանկ՝ ռուսական ռուբլու կուրսը Հայաստանում) տեսանելի ապագայում փոխանցումների աճի ակնկալիքների (կամ գոնե նախկին մակարդակում պահպանվելու) հիմք չի տալիս։

Վերջին տարիներին հայրենական անասնաբուծության քրոնիկ խնդիրներին ավելացել է եւս մեկը՝ կենդանի անասունի արտահանումը։ Ճիշտ է, ընթացիկ տարում այդ գործընթացն ակնհայտորեն արգելակվել է։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) արտահանումը նվազել է ավելի քան 12 անգամ՝ ավելի քան 6,8 հազար գլխից հասնելով 0,6 հազարից էլ քիչ գլխի։

Սակայն արտահանումով անասնաբուծությանը վնաս արդեն հասցվել էր։ Այսպես, հունվարի 1-ի դրությամբ ԽԵԱ գլխաքանակը նվազել է մոտ մեկ տասներորդական մասով։ Նույն տոկոսով կրճատվել է կովերի գլխաքանակը, ինչը հարցականի տակ է դնում ԽԵԱ թվաքանակի լիովին վերականգնման հնարավորությունն առաջիկա տարիներին։

Ի տարբերություն խոզի մսի՝ տավարի մսի պաշարների ներկրումն այնքան էլ մեծ չէ։ Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ տավարի մսի ներկրումը կազմել է 11 տոկոս (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 տոկոսից էլ քիչ)։ Ներկրման չափաբաժնի այս աճը կապված է ինչպես դրա ծավալների կտրուկ մեծացմամբ (տարեկան կտրվածքով՝ 1,4 անգամ), այնպես էլ որոշ չափով տեղական արտադրության ծավալի կրճատումով (համարյա 6 տոկոսով)։ Ընդ որում, չի բացառվում, որ ներկրման աննախադեպ «աճը» որոշ չափով կապված է ապրանքների շարժի մաքսային վերահսկողության խստացման հետ։

Երկիր ներկրվող տավարի միսը (ինչպես նաեւ գոմեշի միսը՝ Հնդկաստանից) օգտագործվում է որպես հումք՝ տեղական մսակոմբինատներում, ինչպես նաեւ օգտագործվում է պետական կարիքների համար։ Բացի այդ, համապատասխան տեխնոլոգիայի պայմաններում սառեցրած միսը կարելի է թարմի տեղ իրացնել։

Արտասահմանյան տավարի մսի միջին մաքսային արժեքը առաջին կիսամյակում կազմել է 2,5 դոլար՝ 1 կիլոգրամի համար (մոտ 1,2 հազար դրամ)։ Հասկանալի է, որ այս գնով տեղական միս չես գնի։ Այնպես որ, մսակոմբինատների ընտրությունը լրիվ հասկանալի է։ Իսկ մանրածախ գնորդներին միսն առաջարկվում է աննախադեպ բարձր գներով։

Սմբատ Գրիգորյան