Պակիստանի տապալված վարչապետ Նավազ Շարիֆը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Իսլամաբադում հակակոռուպցիոն դատարանը նախկին վարչապետին մեղավոր է ճանաչել 2 մեղադրանքից մեկով, որը հիմնված է, այսպես կոչված, «պանամական դոսյեի» վրա. լրագրողական հետաքննության նյութեր՝ նվիրված հարկային մանիպուլյացիաների նպատակով օֆշորների օգտագործմանը, փոխանցում է DW-ն: 

Դատարանն արձանագրել է, որ Շարիֆը չի կարողանում բացատրել, թե որտեղից է միջոցներ վերցրել Սաուդյան Արաբիայում պողպատաձուլական գործարան գնելու համար: Դատավճիռը կարող է բողոքարկվել:

Երկրորդ մեղադրանքով, որը վերաբերում էր Մեծ Բրիտանիայում ներդրումային ընկերությանը, Շարիֆն արդարացվել է:

Հուլիսին նույն դատարանը Նավազ Շարիֆին 10 տարվա բանտարկության էր դատապարտել անհայտ ծագմամբ միջոցներով Լոնդոնում շքեղ բնակարան գնելու համար: Նախկին վարչապետը դատավճիռը բողոքարկել էր եւ սեպտեմբերին բանտից գրավով ազատվել:

Նավազ Շարիֆն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանում քաղաքականապես մոտիվացված եւ իր անմեղությունն է պնդում: Դատավճռի հրապարակումից առաջ Շարիֆի Պակիստանյան մուսուլմանական լիգա կուսակցության հազարավոր ակտիվիստներ դատարանի շենքի դիմաց ոստիկանների հետ բախումներ են ունեցել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: