Չինաստանը Կանադային եւ ԱՄՆ-ին քննադատել է՝ կապված ձերբակալված կանադացիներին ազատելու պահանջի հետ եւ արեւմտյան երկրներին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ:

«Չինական կողմը մեծ դժգոհություն եւ բողոք է հայտնել՝ կապված Կանադայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունների հետ»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինը, փոխանցում է AFP-ն:

Այս ամիս ավելի վաղ Պեկինը ձերբակալել էր 2 կանադացու՝ նախկին դիվանագետ Մայքլ Քովրիգին եւ Չինաստանում գտնվող բիզնեսմեն Մայքլ Սփավորին, որոնց մեղադրում են գործողությունների մասնակցության մեջ, որոնք «սպառնում են Չինաստանի անվտանգությանը»:

Քովրիգը Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծական կենտրոնում ավագ խորհրդական է, մինչդեռ Սփավորն օգնում է Հյուսիսային Կորեա ուղեւորություններին:

Կանադուհի Սառա Մաքիվերը Չինաստանում ապօրինի աշխատելու համար սպասում է իր արտաքսմանը:

Կանադայի ԱԳ նախարար Խրիսթիա Ֆրիլանդը շաբաթ դաշնակիցներին կոչ է արել աջակցել ձերբակալված կանադացիների ազատմանը՝ նշելով, որ կալանավորումները «տագնապահարույց նախադեպ» են ամբողջ միջազգային հանրության համար:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկրներն, ըստ երեւույթին, «տարբեր երկրների քաղաքացիների համար մարդու իրավունքների տարբեր ստանդարտներ ունեն»: «Դա ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի հետ: Նրանք որտե՞ղ էին, երբ կանադական կողմը ԱՄՆ-ի պահանջով ապօրինի ձերբակալում էր չինական ձեռնարկությունների ղեկավարներին»,- հավելել է նա: