Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ճապոնացիներին է դիմել ամանորյա վերջին ուղերձով:

AP-ն հայտնում է, որ չորեքշաբթի՝ հունվարի 2-ին, նա Տոկիոյում Կայսերական պալատի դիմաց հավաքվածներին ասել է. «Ես իսկապես երջանիկ եմ Նոր տարին դիմավորել բոլորիդ հետ այսպիսի անամպ երկնքի տակ»:

Ակիհիտոն գահից կհրաժարվի ապրիլի 30-ին, եւ այն կժառանգի նրա որդին:

Ակիհիտոն, որը գահը ժառանգել է Հիրոհիտո կայսրից, ամեն տարի կնոջ՝ կայսրուհի Միչիկոյի եւ ընտանիքի մյուս անդամների հետ հանրությանն է ներկայանում խաղաղություն մաղթելու:

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կայսեր ուղերձը լսելու էր եկել մոտ 60 հազար մարդ, որոնք թափահարում էին Ճապոնիայի դրոշները: