Netfilx-ը Սաուդյան Արաբիայում «Հասան Մինհաջի հետ հայրենասիրական ակտ» երգիծական շոուի տեսարանը հեռացրել է թագավորության պաշտոնական ներկայացուցիչների բողոքներից հետո, հայտնում է Reuters-ը:

Տեսարանը վերաբերում էր անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը:

Netflix-ը հաստատել է, որ անցյալ շաբաթ հեռացրել է Սաուդյան Արաբիայում տեսարանը այն բանից հետո, երբ թագավորության հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը խնդրել է այն հեռացնել, որովհետեւ իբր խախտում է թագավորության օրենքն ընդդեմ կիբեռհանցագործության:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ստեղծագործական ազատությանը եւ Սաուդյան Արաբիայում այդ տեսարանը հեռացրել ենք միայն իրավաբանական հարցում ստանալուց հետո»,- հայտարարել է Netflix-ի ներկայացուցիչը:

Առաջին անգամ հոկտեմբերին ԱՄՆ-ում ցուցադրված տեսարանում Մինհաջը ասել է. «Հիմա Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները վերանայելու ճիշտ ժամանակն է: Ես սա նկատի ունեմ որպես մուսուլման եւ ամերիկացի»: Նա նաեւ թագավորությանը քննադատել է Եմենում պատերազմին մասնակցության համար եւ երկիրն ավտորիտար է անվանել:

The New York Times-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում տեսարանը դեռեւս հասանելի է YouTube-ի հարթակում: