Կոնգոյում ուշացած ընտրությունների արդյունքների հայտարարման նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «զինվորականները տարածաշրջան են ուղարկվել, քանի որ կարող են «կատաղի ցույցեր» տեղի ունենալ», տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը։
Միեւնույն ժամանակ, Կոնգոյի Կաթոլիկ եկեղեցին նախազգուշացրել է «ապստամբության» հավանականության մասին, եթե ընտրությունների արդյունքները կեղծված լինեն։
Կոնգոյում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնք պետք է դառնային առաջին դեմոկրատական, խաղաղ ընտրությունները Բելգիայից 1960թ. անկախության հռչակումից հետո։ Սակայն դիտորդները հայտարարում են խախտումների մասին։ Ներկայում երկրի նախագահն է Ժոզեֆ Կաբիլան։
Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն կիրակի, եւ ԱՄՆ-ը, ինչպես Աֆրիկյան միությունը, կոչ է անում Կոնգոյին հնչեցնել ժողովրդի իրական կամքն արտահայտող արդյունքները։
Միեւնույն ժամանակ, Կաթոլիկ եկեղեցին, որի ազդեցությունը բավական ուժեղ է Կոնգոյում, զարմացրել է բոլորին՝ հայտարարելով, որ իր բոլոր 40 հազար դիտորդները արդեն որոշել են հաղթողին։ Սակայն եկեղեցին հրաժարվել է տալ հաղթող թեկնածուի անունը։
Ընտրական հանձնաժողովը պատասխանել է երկրի Կաթոլիկ եկեղեցուն, որ այդ հայտարարությունը կարող է ապստամբություն հրահրել, իսկ Կոնգոյի կառավարող կուսակցությունը, որը պաշտպանում է գործող նախագահի առաջադրած թեկնածու Էմանուել Ռամազանիին, եկեղեցու պահվածքը անվանել է «անպատասխանատու եւ անարխիստական»։





























