Փերաք նահանգի սուլթան Նազրին Միյզուդդին Շահը երկուշաբթի նշանակվել է Մալազիայի գերագույն առաջնորդի (թագավոր) պաշտոնակատար: Որոշումն ընդունվել է Կառավարիչների խորհրդի (ժառանգորդ սուլթանների) արտահերթ հանդիպմանը, որն անցկացվել է Մուհամմեդ V-ի՝ գահից հրաժարվելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

New Straits Times թերթը հաղորդում է, որ ինը սուլթաններից հանդիպմանը մասնակցել է միայն վեցը, որոնք քննարկել են նոր գերագույն առաջնորդի արտահերթ ընտրությունների օրը:

Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում:

Մուհամմեդ V-ն ընտրվել էր 2016-ի ապրիլին 5 տարի ժամկետով:  Բայց Մալազիայի պատմության մեջ առաջին անգամ նա հրաժարվել էր գահից, ինչի մասին կիրակի հայտնել էր թագավորական մամուլի ծառայությունը:

Տվյալ որոշման պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում:

The Straits Times թերթը գրում է, որ Մուհամմեդ V-ը ստիպված էր այդ քայլին գնալ՝ Կառավարիչների խորհրդի ճնշման ներքո, ովքեր չեն ընդունել ռուս Օքսանա Վոեւոդինայի հետ նրա ամուսնությունը:

Անցյալ տարվա նոյեմբերին Մալազիայի կառավարիչը 25-ամյա Վոեւոդինայի հետ, ով 2015-ին նվաճել էր «Միս Մոսկվա» տիտղոսը, գաղտնի ամուսնացել էր:

 Ժամանակակից Մալազիայում, որը 1957 թվականին դարձել է սահմանադրական միապետություն, թագավորը արարողակարգային գործառույթներ  է կատարում եւ գերագույն հրամանատարն է: Օրենքների ընդունման կամ ցանկացած նախարարի նշանակման համար պահանջվում է նրա համաձայնությունը, որը միապետը տալիս  է «խորհրդարանի եւ կառավարության խորհրդով»: