Կենտրոնական Աֆրիկայի արեւմտյան ափին գտնվող Գաբոնում զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել պետական ռադիոհեռարձակման կայանը, որի եթերում հայտարարել են «Վերականգնման ազգային խորհրդի» ստեղծման մասին՝ կապված երկրի նախագահի հանդեպ վստահության կորստի հետ:

BBC News-ը հայտնում է, որ զինվորականները ռադիոեթերում հայտնել են, որ Գաբոնում «ժողովրդավարության հաստատման» ժամանակն է:

Նշվում է, որ Գաբոնի մայրաքաղաք Լիբերվիլի փողոցներում տանկեր եւ մարտական մեքենաներ են հայտնվել:

Գաբոնը ղեկավարում է նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան, որն իշխանության ղեկին է 2009 թվականից:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հոկտեմբերին կաթված էր տարել եւ բուժվել Մարոկկոյում:

Պետության ղեկավարն ամանորյա ուղերձում որոշել էր պարզաբանել իր առողջական վիճակի մասին լուրերը եւ հայտարարել էր, որ իրեն լավ է զգում:

Ռադիոեթերում զինվորականները նրա ուղերձը «խղճուկ տեսարան» եւ «իշխանությանը կառչելու անվերջանալի փորձ» են անվանել:

ԱՄՆ-ն հունվարին որոշել էր Կոնգոյում իրավիճակի սրման ֆոնին Գաբոն ուղարկել մոտ 80 զինծառայողի: Այս մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Զինծառայողների առաջին խումբը Գաբոն էր ժամանել հունվարի 2-ին: