Ուժայինները կալանավորել են խռովարար զինվորականներին, որոնք բռնազավթել էին պետական ռադիոհեռարձակման կայանը, հայտնում է RFI-ն՝ վկայակոչելով երկրի հաղորդակցության հարցերով նախարար Գի-Բերթրան Մապոնգուին, որը կատարում է նաեւ կառավարության պաշտոնական ներկայացուցչի պարտականությունները:
Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը 2-3 ժամվա ընթացքում ամբողջությամբ կկարգավորվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի խումբ զինվորականներ Գաբոնի մայրաքաղաք Լիբերվիլում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռադիոհեռարձակման գրասենյակը եւ հաղորդագրություն են ընթերցել, որում նշված էր երկրի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբայի գործողություններով հիասթափության եւ Վերականգնման ազգային խորհրդի ստեղծման մասին: Խռովարարները հայտարարությունը կատարել էին «Գաբոնի պաշտպանության եւ անվտանգության ուժերի շարքերում երիտասարդների հայրենասիրական շարժման» անունից:
Գաբոնի նախագահի աշխատակազմում աղբյուրը ավելի վաղ RFI-ին հայտնել էր, որ իշխանությանը չեզոք ուժերը վերահսկում են երկրում բոլոր ռազմավարական օբյեկտները, իսկ ռադիոկայանը շրջապատված է:
Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան հոկտեմբերի 24-ին հոսպիտալացվել էր Էր Ռիադի հիվանդանոցում: RFI-ի տեղեկություններով՝ 59-ամյա նախագահը կաթված էր ստացել: Ներկայումս նա վերկանգնողական բուժում է ստանում Մարոկկոյում, նշում է ռադիոկայանը:





























