Օգոստոսի 31-ին հրապարակված նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում մինչեւ ստորագրումը որեւէ փոփոխություն չի կատարվելու: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի արտգործնախարարը հստակ ասել է Վահան Հովհաննիսյանին, որ բանակցությունները վարում են արտգործնախարարությունները: Եւ բնականաբար վավերացման են դրվելու հենց այդ փաստաթղթերը»,- նկատեց Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով, թե հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում լսումներ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ:

Դիտարկմանը, թե ինչ իմաստ ունեն այդ լսումները, եթե որեւէ առաջարկ չի ընդոնվելու, հանրապետական պատգամավորը նկատեց. «Խորհրդարանական լսումներն արվում են, որ մանսակիցները ներկայացնեն իրենց կարծիքները հանրությանը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հրապարակվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները՝ երկկողմ հարաբերությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որոնք ըստ ընդդիմադիր ուժերի եւ ՀՅԴ-ի իրենց մեջ անընդունելի նախապայմաններ են պարունակում: