«Մարկո Պոլո» սրճարանի մոտ 19: 40-ի սահմաններում քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա, ովքեր ՀԱԿ-ի թերթոններ էին բաժանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նրա պատմելով՝ քիչ անց նշված հասցե են ժամանել ոստիկանության համազգեստավորները եւ ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել 7 տղայի ու 3 աղջկա:
Հայտնի են ոստիկանություն բերման ենթարկվածների անունները՝ Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Հովհաննես Քիրամիջյան, Սերգեյ Գասպարյան, Սահակ Մուրադյան, Սարգիս Ղազարյան, Հերմինե Մաթեւոսյան, Տաթեւ Պողպատյան, Մարիամ Մուրադյան,Գուրգեն Ասատրյան:
Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանությունում անջատել են լույսերը եւ ծեծի ենթարկել երիտասարդներին: Ժամանել է շտապօգնության մեքենան, բժիշկները ներս են մտել, ապա դուրս եկել եւ հայտարարել, թե երիտասարդների վիճակը նորմալ է: Այս պահին ոստիկանության շենքի առաջ են ՀԱԿ ներկայացուցիչներն ու ակտիվիստները, մասնավորապես Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ սպասում են, թե երբ են ազատ արձակվելու երիտասարդները: Արամ Մանուկյանը տեղի ունեցածը որակեց որպես իշխանությունների վախի ու սարսափի դրսեւորում՝ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքից առաջ:
Ոստիկանությունում են եղել նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, ովքեր մտել են Կենտրոնի ոստիկանության շենք եւ հանդիպել բերման ենթարկվածների, նաեւ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:



























